Share.

    1 commento

    1. ComprehensiveGain841 on

      >Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները՝ մոտ 180 հոգի, անցած շաբաթ գործադուլ են հայտարարել: Ռուսաստանցի նոր տնօրենի «նորմատիվները» դերձակները գնահատում են որպես աշխատանքային խոշտանգում և պահանջում են տոմսեր գնել, որպեսզի կարողանան վերադառնալ Հնդկաստան։

      Նախորդ տարվա գործադուլից հետո ռուսական ընկերությունը աշխատանքից ազատել է հայաստանցի կառավարիչներին, որոնք ատրճանակ էին պահում միգրանտ աշխատողների վրա՝ պահանջելով «արագ կարել»։ Ֆիզիկական բռնությունները դադարել են։ Մնացել է մաքուր շահագործումը։

      18-19 դերձակներից բաղկացած խմբերին ստիպում են աշխատել օրական 11 ժամ, մեկ հերթափոխի ընթացքում նրանք պիտի մոտ 120 կոմպլեկտ համազգեստ կարեն։ Նոր շոֆը հիմա 200 կոմպլեկտ է պահանջում։ Աշխատողները պնդում են, որ դա անհնարին է․ «Մարդ ենք, ռոբոտ չենք»։

      Ռուս տնօրենը Epress.am-ի հետ զրույցում փորձել է հերքել՝ ոչ մեկ ոչ մի անհնարին բան իրենցից չի պահանջում, ոչինչ չի ստիպում և այլն։

      Աշխատանքային վեճը, ըստ նրա, ծագել է ոչ թե գերշահագործման, այլ աշխատողների խուլիգանության պատճառով։ Նրանք իբրև թե խախտում են պայմանագրային դրույթները՝ հաճախակի զուգարան գնալով և բլյութուզով երաժշտություն լսելով։ Տնօրենը սա սադրանք է համարում։ Ասում է՝ հեռախոսներն արգելված են կոնտրակտով, զուգարան գնալու հնարավորությունը չպիտի չարաշահվի, արտադրամասի տեխնոլոգները հետևում են դերձակների արդյունավետությանը վայրկյանների ճշգրտությամբ։

      Կարի ֆաբրիկայի պատերին եռալեզու հուշաթերթիկներ են կպցրած։ Դրանցից մեկում նշված է, որ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8։00-ին և ավարտվում 19։00-ին։ 11 ժամից՝ 39 600 վայրկյանից, 3 600 վայրկյանը կարելի է ծախսել ճաշի ընդմիջման վրա, «խմելու/քաքելու/թելերի» համար հատկացված է առավելագույնը 1 800 վայրկյան։ Մնացած 34 200 վայրկյանի ընթացքում դերձակները պիտի անընդմեջ կարեն։

      Մեկ այլ հուշաթերթիկում նշված է, որ նրանց, ովքեր հեռախոսը չեն հանձնել հսկիչներին, տուգանելու են 50 դոլարով։ Նրանց, ովքեր չեն մաքրել իրենց կարի մեքենան՝ 5 դոլարով։

      Կարի ֆաբրիկան գտնվում է նախկին հանրախանութի տարածքում։ Դերձակներն այստեղ աշխատում են և միաժամանակ նաև ապրում։ 180 հոգու տեղավորել են ընդամենը մի քանի երկաթյա բարաքներում։ Ամեն սենյակում 9-ից 12 մարդ է քնում։ Լոգասենյակը՝ բետոնապատ տարածք երեք խցիկներով, նույնիսկ ցնցուղ չունի։ Մարդիկ ստիպված են լողանալ կռացած՝ ծորակների տակ։

      Տարածքը ամբողջությամբ ախտահարված է թաղթաբիթիներով և խավարասերներով։ Տնօրենը պնդում է, թե խնդիրը աշխատողների մեջ է՝ «մաքրասեր չեն» և այլն։ Իբրև թե իրենց ապահովել են խոհանոցով, իսկ իրենք սնունդը սենյակներ են տանում։ Բայց սենյակներում նույնիսկ նստելու տեղ չկա։ Իսկ խոհանոց կոչվածը նեղլիկ բարաք է՝ կիսով չափ ծածկված ԴՍՊ-ներով։ 180 աշխատողներն այնտեղ չեն էլ տեղավորվում, ստիպված են հերթափոխով սնվել։ Մաքրողներ չկան, ախտահանում չի արվում։ Աշխատողներն ասում են՝ տնօրենը նույնիսկ քիմիկատներ չի տրամադրում, որ ինքնուրույն փորձեն միջատներից ազատվել։ «Իսկ ես ի՞նչ՝ հինգ աստղանի հյուրանոցով պիտի նրանց ապահովեի՞», — արդարանում է գործատուն։ Պայմաններն, ըստ նրա, համապատասխանում են «նորմերին»։

      Մայիսի 12-ին գործատուն և բանվորների պատվիրակները ժամանել էին Երևան՝ Հնդկաստանի դեսպանատուն։ Տնօրենը հրաժարվում է վերադարձի տոմսեր գնել գործադուլ հայտարարած դերձակների համար։ Պարտավորագիրը, որը աշխատողներն են ներկայացնում, նա համարում է հորինվածք։ Դերձակները հրաժարվում են վերադառնալ աշխատանքի, եթե չվերանայվեն վերջին նորմատիվները․ «Օրական 120 կոմպլեկտ մի ձև հասցնում էինք, բայց 200-ն անհնարին է»։

    Leave A Reply